Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մարտի 27-ին, քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ անդրադարձավ մայրքաղաքում իրականացվող ծառերի փոխարինման թեմային։
Թեմայի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Նրա խոսքով՝ փետրվարի 23-ին կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի բարձր գիտական կոչում ունեցող մասնագետներ․ «Քննարկման 3 թեմա ունեինք՝ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտվող ծառատեսակների հարցը, խիստ դեֆորմացված ծառատեսակների խնդիրը, ինվազիվ ծառատեսակների խնդիրը, որն առկա է Երևանում ու շատ լուրջ խնդիր է առաջացնում քաղաքի կանաչ ֆոնդի համար։
Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող, դեֆորմացված, ինվազիվ ծառերի փոխարինման աշխատանքները։
Խոսելով Մոսկովյան փողոցում սակուրա ծառատեսակների տնկման գործընթացի մասին, նա նշեց․ «Մարտի 23-ին մեկնարկեց աշխատանքների առաջին փուլը։ Դա Մոսկովյան փողոցն էր։ Այն ընտրվեց, որովհետև նախապես ծրագրով այնտեղ նախատեսված էին սակուրա ծառատեսակներ, որոնք գտնվում էին նախածաղկման փուլում։ Քաղաքապետարանի գնած ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%։ Այլ հատվածներում պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր, ամենամեծ չափաթքանակով ծառատեսակները հենց մեծ սաղարթով ծառերն են՝ սոսին, կաղնին և այլն։
Նախատեսված 2500 ծառի մեջ սակուրաները 150 հատ են։
Արմեն Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու է այդ հատվածի համար նման ծառատեսակ ընտրվել։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սակուրաներ միայն Ճապոնիայում չեն, այլև՝ Վաշինգտոնում, որոնք, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են։
«Եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենի է, ծաղկելը ստանալ և միրգը չստանալ, վստահաբար մենք էլ կարող ենք անել ծիրանենու հետ և խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-ասաց նա։
Ավինայնի խոսքով, Կասկադի հատվածում ընտրված ծառատեսակները մինչև 150 տարվա համար են նախագծվում։
«Կասկադը Երևանի սիրտն է։ Պետք է երևանցիների կարծիքը հաշվի առնենք»,-նշեց փոխքաղաքապետը։
Մանրամասները՝ տեսանյութում