Ֆրանսիայի հրապարակում՝ վրանում, տղամարդը մահացել էր թմրանյութի հետևանքով․ նախաքննությունն ավարտվել է

2022թ մայիսի 5-ին՝ ժամը 13:25-ին, բուժհաստատությունից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ քաղաքացու մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով: 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ 2022թ մայիսի 12-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում:

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել օպերատիվ տեղեկություններ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում այդ ընթացքում հավաք անցկացնող առանձին անձանց կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ հնարավոր առնչության, ինչպես նաև՝ հրապարակում մահացած անձի կողմից թմրանյութի նկատմամբ հակումներ ունեցող Ա Վ-ի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մասին։ 

Օպերատիվ տվյալների իրացմամբ կատարվել են 70-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում տարբեր հասցեներից հայտնաբերվել են ինչպես թմրամիջոցներ, այնպես էլ ռազմամթերք։ 

Խուզարկություն է կատարվել նաև Ա.Վ.-ի կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայում, որի պահեստային անվադողի մեջից հայտնաբերվել են «Մեթամֆետամին» տեսակի՝ 190 և 280 գրամ, «Ափիոն» տեսակի՝ 1030 գրամ, «Հերոին» տեսակի՝ 73.21 գրամ և  «Մարիխուանա» տեսակի՝ 1005 գրամ նախնական քաշերով թմրամիջոցների նմանվող զանգվածներ, որոնց թմրամիջոց հանդիսանալու հանգամանքը հաստատվել է նշանակված փորձաքննությամբ: Նշված դեպքի առթիվ 2022թ մայիսի 24-ին ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ, և նշված երկու գործերը միացվել են մեկ վարույթում։ 

Իրականացված քննչական և դատավարական այլ գործորությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ ԱՎ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերի նշված տեսակի և քանակի թմրամիջոցները ձեռք բերելու և իր կողմից շահագործվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի անվահեծի մեջ պահելու համար։ Միջնորդությունը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք և նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

ԱՎ-ի մասով նախաքննությունն ավարտվել է, նրա վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Մնացած մասով, այդ թվում՝ թմրամիջոցների, նաև Ֆրանսիայի հրապարակում քաղաքացու մահվան պատճառ դարձած թմրամիջոցների ձեռքբերման, հնարավոր այլ անձանց ներգրավվածության հանգամանքների պարզման մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել