Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են․ Գուրգեն Ներսիսյան

Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են․ այս մասին Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի (Լաչինի միջանցքի)՝ Ադրբեջանի կողմից արգելափակման և Արցախի շրջափակման 100 օրվա առթիվ մարտի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Արցախում սննդի պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ 100 օրից ավելի Արցախը շրջափակման մեջ է, եւ կան սոցիալական տարբեր խմբեր, հատկապես որոնց կառավարությունը չի կարող մենակ թողնել: Հիմնականում ձգտում ենք ապահովել ալյուրի եւ առաջին անհրաժեշտության պարենի նվազագույն պաշարը բնակչության համար: Անգամ խանութներում չկան առաջին անհրաժեշտության ապրանքները: Կառավարությունն առաջին հերթին փորձում է ուշադրություն դարձնել սոցիալապես խոցելի տարբեր խմբերի: Վաղուց արդեն ստիպված ենք ապավինել Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների աջակցությանը: Առանց նրանց կողմից աջակցության՝ մենք վաղուց արդեն աղետալի վիճակ կունենայինք Արցախում»,-նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանանլ, որ մի կողմից Ադրբեջանը միջազգային հանրության հետ շփումներում փորձում է ներկայանալ խաղաղության կողմնակից, բայց մյուս կողմից արցախցիների նկատմամբ իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն:

«Ադրբեջանին Արցախը պետք է առանց արցախցիների կամ շատ քիչ թվաքանակով արցախցիներով:

Եվ, ցավոք, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն առարկայորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլեւ միջազգային հանրության պասիվությունից ու անգործությունից օգտվելով ավելի է սաստկացրել իր գործողությունները: Այս ամենից հետո Ադրբեջանը մնում է անպատիժ, ինչը ճանապարհ է հարթում հետագա իրավախախտումների համար»,-ասել է Արցախի պետնախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել