Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կառուցվածքային փոփոխությունները տեղի կունենան երկու փուլով։ Այսօր իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ առաջին փուլով կգնան ֆունկցիոնալ բաշխումների, երկրորդ փուլում փոփոխություններն ուղղված կլինեն ավելի շատ բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ձևավորմանը։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նախարարությունում կան բավականին մեծ թվով թափուր աշխատատեղեր և առաջիկայում ակտիվորեն դրանք համալրելու աշխատանքներ են տարվելու։ Արդեն իսկ, ըստ նրա, բազմաթիվ մրցույթներ կան հայտարարված։
Նախարարը նշեց, որ մի քանի կարևոր ուղղություններով աշխատանք է արվել, մասնավորապես, հանրակրթության ոլորտում ամբողջացրել են հանրակրթության կառավարման գործընթացի նախապատրաստման իրավական ողջ փաթեթը, արդեն հաստատվել են բոլոր անհրաժեշտ կարգերը: «Առաջիկայում կառավարման վերափոխված համակարգը կսկսի գործել այն դպրոցներում, որտեղ տնօրնենների լիազորությունների ժամկետներն ավարտվում են ապրիլի 13-ից հետո»,- ընդգծեց Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև հայտնեց, որ 2023 թվականի սեպտեմբերից բոլոր դպրոցներում փուլային ձևաչափով կսկսվի ներդրվել հանրակրթության նոր չափորոշիչը։
Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այդ գործընթացը բարելավել են, այժմ հնարավորություն կունենան կամավոր ատեստավորման այդ գործընթացին մասնակցել նաև այն մարդիկ, որոնք բավարարում են ուսուցչի պահանջներին, բայց չեն աշխատում դպրոցներում: Ամենայն հավանականությամբ, մարտի 27-ից կսկսվի դիմումների ընդունումը, որը կտևի 2-3 ամիս։