Երևանի Սարգիս Լուկաշին փողոցի բնակիչներից Անի Դավթյանը ահազանգել էր, որ ծորակից հոսող ջրի մեջ անբնական փրփուր կա։
Նա Iravaban.net–ի հետ զրույցում պատմեց, որ մարտի 19-ին, առավոտյան ժամը 9։00-ից 9։30-ի սահմաններում նկատել է, որ ծորակից հոսող ջուրն անբնական փրփրուն է։
«Ծաղիկները ջրելու համար ամանով ջուր վերցրեցի նկատեցի փրփուրը, որոշ ժամանակ անց փրփուրը դեռ կար, դա նորմալ չէր։ Մի քիչ անց նորից ծորակի ջուրը բացեցի, նայում եմ՝ էլի փրփուր է գալիս։ Անցնում է մի քանի ժամ, նայում եմ ծաղիկների ջրին, որ վերցրել էի, փրփուրը դեռ վրան էր։ Եվս մի քանի ժամ անց զանգում եմ «Վեոլիա ջուր», նկարագրում եմ ջրի տեսքը, հարցնում՝ արդյո՞ք կարելի է խմել այս ջուրը։ Ինձ պատասխանեցին, որ մեր շենքից արդեն իսկ նմուշառում վերցրել են։ Երբ զանգահարել եմ իրենց արդեն ժամը 14։00-ն էր։ Հաջորդ օրն առավոտյան եկան իմ տնից նմուշառում վերցնելու։ Նրանք ասացին, որ ջուրը դեռ չխմենք, քանի որ վստահելի չէ։ Ասացին, որ պատասխանը 48 ժամից կստանանք»,-պատմում է շենքի բնակիչը։
Նրա խոսքով՝ նախապես որևէ ծանուցում չեն ստացել, որ խմելու ջրի հետ կապված որևէ խնդիրներ են առաջանալու և ներողության փոխարեն հեգնել են։
«Վեոլիա ջուր» ընկերությունից մարտի 22-ին կապ են հաստատել Անի Դավթյանի հետ և ասել են, որ ջրի նմուշառման հետազոտության արդյունքներով ջուրը խմելու է։ Բնակչի խոսքով՝ որևէ թուղթ չեն ներկայացրել, որ ջրի նմուշը ենթարկվել է փորձաքննության։
«Բայց ես նորից նկատեցի այդ փրփուրը, իրենց ասացի, ինձ պատասխանեցին, որ իրենք ջուրը հասցնում են մինչև բազմաբնակարան շենք, կոնկրետ բնակարանների հետ կապված համատիրության խնդիրն է, թող իրենք մտածեն»,-ասաց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ ջրից կողմնակի հոտ չի եկել։ Խնդիրն այդ դեպքից 2 օր հետո էլի նկատվել է, ծորակից հոսող ջորը փրփրուն է եղել, բայց ոչ առաջին օրվա պես։
«Այդպես էլ չհասկացա, ջուրն անվտանգ էր, թե ոչ»,-ասում է Անի Դավթյանը։
Iravaban.net-ը կապ հաստատեց նաև «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Լրատվական բաժնի աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրի հետ փրփուր չի կարող լինել, քանի որ իրենք փրփուր չեն մատակարարում։
«Որպեսզի բնակարանում հայտնվի փրփուր, պետք է ամբողջ ջրագծում փրփուր լինի։ Եթե հարևանները ևս ունեցել են այդ խնդիրը, ուրեմն հարևաններից որևէ մեկի լվացքի մեքենայի հետ կապված ինչ-որ անսարքություն է եղել »,-նշեցին ընկերությունից։
Մենք նաև հարցում ենք ուղարկել «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։
Տեսանյութերը՝ մեր Telegram ալիքում: