Գործադիրն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու (շահագործման ժամկետի երկարացում-2) նպատակով գործընթաց սկսելու մասին» որոշում:
Ըստ հիմնավորման, ՀԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագրի արդյունքում վերջինիս շահագործման ժամկետը սահմանված կարգով երկարացվել է մինչև 2026 թվականը։ Ծրագրի շրջանակում ՀԱԷԿ-ում կատարվել են մեծածավալ արդիականացման և վերազինման աշխատանքներ։
Հաշվի առնելով արդեն իսկ կատարված արդիականացման աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և նմանատիպ էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարացման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումներ/աշխատանքներ կատարելու միջոցով հնարավորություն կստեղծվի երկարացնել ՀԱԷԿ N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը ևս 10-ը տարով՝ մինչև 2036 թվականը։
Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի գնահատել Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարացնելու տեխնիկական հնարավորությունները, անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները և հնարավոր ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա։