Քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը․ Լավրով

Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները շուտով կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Ռուսաստանը նաև կողմ է սահմանների սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը՝ Մոսկվայի խորհրդատվական աջակցությամբ։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Լավրովը։

Լավրովն ընդգծել է բանակցային գործընթացի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ նոր հանդիպման հայկական կողմի պատրաստակամության մասին, քննարկվում է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման նոր ժամկետը:

«Առաջիկայում երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- եզրափակել է Լավրովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել