Ինչ կարող է սպասվել Ադրբեջանին, եթե նա չկատարի Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ դատարանի որոշումը․ Եղիշե Կիրակոսյանը մանրամասնում է

Ադրբեջանի վարքագիծը իր ողջ տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին․ այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չի կատարվում։

Նա նշեց, որ խոսքը ոչ միայն դրա չկատարումն է, այլև Ադրբեջանը աղավաղում է որոշման բովանդակությունը, որի դեմ  ՀՀ պետական լիազոր մարմինները պետք է իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար, ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է այն հարթակը, որ նմանատիպ հարցերը քննարկելու համար լավագույն տեղն է, այդ ուղղությամբ պետք է շարունակել աշխատանքներ տանել, որ հարցը մտնի միգուցե Անվտանգության խորհրդի օրակարգ: Բացի այդ, երկկողմ մակարդակում տարբեր գործընկեր պետությունների հետ պետք է աշխատել՝ հարցը անընդհատ բաց պահելու, նաև միջազգային հանրությանը որոշման բովանդակության աղավաղման փորձերը կանխելու համար»,-ասաց նա:

Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ ցավոք, գործ ունենք մի երկրի, մի ռեժիմի հետ, որն ամեն ինչ անում է՝ խուսափելու միջազգային իրավական պրոցեսներից ու իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու։

«Որոշումն ունի մեծ քաղաքական կշիռ և նաև, կարծում եմ, դաշտ է բացում քաղաքական ու դիվանագիտական աշխատանքի համար։ Մի բան էլ պետք է ընկալենք, որ միջազգային հարաբերություններում գործընթացները այլ տրամաբանությամբ ենք աշխատում, քան պետականները և այդ տրամաբանությամբ էլ պետք է որոշումները փորձենք հասկանալ։ Պետք է համբերությամբ զինվենք ու աշխատենք»,-ասաց մասնագետը։

Նա նաև պարզաբանեց, որ դատարանի կողմից հստակ ժամկետներ նշված չեն, բայց սա նշանակում է, որ դա պետք է անհապաղ կատարվեր։

Եղիշե Կիրակոսյանը նաև մանրամասնեց, թե ինչ է նախատեսվում, եթե Ադրբեջանը չկատարի որոշումը․ «Միջազգային հանրության կողմից արդեն հնչել են արձագանքներ, հենց որոշումն ընդունվեց։ Մի շարք երկրների ԱԳՆ-ներ հնչեցրել են կոչեր, հղում անելով Արդարաատության միջազգային դատարանի որոշմանը, որ դա պետք է կատարվի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվեց հայտարարություն և այլն։ Պետք է շարունակել աշխատել այս տրամաբանության մեջ՝ ներկայացնելվ որոշման կատարման կարևորությունը։ Ուրիշ ճանապարհ չկա, աստիճանաբար աշխատել, Սփյուռքն էլ իր դերն ունի այստեղ:

Պատժամիջոցներ միշտ էլ հնարավոր են, բայց դրանք ունեն կիրառման որոշակի նախապայմաններ։ Պատժամիջոցների,  սանկցիաների հարցերն ունեն որոշակի իրավական մեխանիզմներ, կախված, թե ինչ սանկցիաների մասին է խոսքը: Ես որևէ բան չեմ բացառում, բայց դա ավելի շատ վերաբերում է մարդասիրական օրենքի կոպիտ խախտումներին, պատերազմական հանցագործություններին կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին: Այո, այդ իրականությունը, ցավոք, ունենք, բայց դե սա մի քիչ այլ հարթության աշխատանք է»։

—————————————

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանի կողմից «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։

Դատարանը արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարությունը նախատեսում է, որ Լաչինի միջանցքը պետք է կապ ապահովի ՀՀ-ի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչպես նաև մնա ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։

«Սույն գործով, հաշվի առնելով ժամանակավոր միջոցները, որոնք հայցվել են Հայաստանի կողմից տվյալ գործի հանգամանքներում, դատարանը եզրակացնում է, որ կիրառվելիք միջոցները պարտադիր չէ լինեն նույնը, ինչ հայցված միջոցները։ Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն ձեռնարկի իրենից կախված բոլոր միջոցները՝ անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների անխափան տեղաշարժը ապահովելու համար՝ 2 ուղղություններով»,-նշվում է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել