Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում

Երևանի ավագանին այսօր՝ մարտի 15-ին, որոշում ընդունեց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին։

Որոշման նախագիծը ներկացրեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի 27.02.2023թ. հ. N-01-27022023 գրությունը, որով վերջինս առաջարկում է Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, պոետ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Հատկանշական է, որ հուշարձանի կրկնօրինակը տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի:

Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և կիրականացվի Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված:

Անհրաժեշտ է նշել, որ համաձայն նվիրատվության պայմանագրի՝ (կցվում է) Երևանի քաղաքապետարանը պարտավորվում է քանդակը տեղադրել Ֆրանսիայի հրապարակում:

Լեպաժին նվիրված արձանը կշարունակի տեղակայված լինել սույն հրապարակի համապատասխան վայրում և կշրջափակվի անհրաժեշտ արգելապատնեշներով, որոնք քանդակը կապահովագրեն հնարավոր միջադեպերից: Նվիրաբերության պայմանագրով, որպես նվիրաբերության պայման, ի թիվս այլնի, արձանի տեղադրման վայր է նշվել Ֆրանսիայի հրապարակը, առանց հրապարակի որևէ հատվածի, այդ թվում՝ կենտրոնական հատվածի, մատնանշման, հետևաբար արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մի հատվածից մեկ այլ հատված չի հանգեցնում նվիրաբերության պայմանագրով նախատեսված պայմանի փոփոխության, հետևաբար և չի առաջացնում նվիրաբերողի համաձայնության անհրաժեշտություն:

Բացի այս, ներկայումս քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելու հանգամանքը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը ևս նախատեսված է քանդակի նվիրատվության պայմանագրով: Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությունն առավել հարմար և մոտ դիտակետից կարող է տեսնել Ռոդենի
ստեղծագործությունը, ինչը, ներկայումս արձանի փոքր չափով պայմանավորված լինելով, հանրությանը գրեթե անտեսանելի է:

Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխությունը բխում է մեկ այլ կարևոր հանգամանքից ևս. Ռոդենը ժամանակակից քանդակագործության մեջ հայտնի է նաև նրանով, որ վերացրեց հանդիսատեսի և քանդակի միջև նախկինում ստեղծված անջրպետը: Մանսավորապես, «Կալեի քաղաքացիները» քանդակի պատվանդանը հնարավորինս փոքրացնելով՝ Ռոդենը նպատակ ուներ ստեղծագործությունը ավելի մոտեցնել հանդիսատեսին (Իբրահիմովա 2017, էջ 27): Մինչդեռ, Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանը ոչ այնքան պատվանդանի բարձրությամբ է հանրությունից հեռու, որքան՝ ուղղակի անհասանելիությամբ: Ինչ վերաբերում է մեծանուն ֆրանսահայ երգչի մոնումենտալ արձանին՝ այն իր ձևով և բովանդակությամբ առավել համապատասխան կլինի տեղանքին:

Շառլ Ազնավուրը (Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում: Հայրը՝ Միշա Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից:
Ազնավուրյանների ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում ներկայացումներում, երգում եկեղեցում: Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար:

Համընդհանուր ճանաչման է հասել 1956թ.-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր համերգասրահներում, երգակցել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի և այլ անվանի արտիստների հետ, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով:

1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի օգնություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն: 2009թ. մայիսից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը:

Արժանացել է Ֆրանսիայի և ՀՀ բարձրագույն պետական պարգևների։ Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 2004թ.: Մահացել է 2018թ. հոկտեմբերի 1-ին:

Կարևորելով աշխարհահռչակ հայազգի արվեստագետի, մեծ մարդասերի, հասարակական գործչի արժանվույնս գնահատման, ստեղծագործական ժառանգության արժևորման և հանրահռչակման, նրա հիշատակը հավերժացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է ընդունել սույն որոշման նախագիծը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել