2023թ. տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 2001թ.-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է արձանագրել․ «Լույս» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս – 2023» զեկույցը։ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։ 

Այսպես՝

  • 2023թ.-ին Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը շարունակում է նվազել։ Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001թ.-ից ի վեր ամենացածրն է։

  • Ինչպես և անցյալ տարի, Հայաստանը գտնվում է տնտեսապես «չափավոր ազատ» երկրների խմբում։ Ի դեպ, 2020 և 2021թթ.-ին Հայաստանը ներառված էր տնտեսապես «հիմնականում ազատ» երկրների խմբում:

  • Զեկույցում նշվում է, որ «Հայաստանում տնտեսական ազատության հիմքերը ամուր չեն պահպանվում դատական համակարգի կողմից, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները` շարունակելով մնալ լուրջ հիմնախնդիր»։

  • «Դրամավարկային ազատություն» ենթաինդեքսը զգալիորեն նվազել է։ Ենթաինդեքսի 7.0 միավորով նվազումը հիմնականում պայմանավորված է բարձր գնաճով։ Նվազմանը, թերևս, նպաստել է նաև գնաճի զսպման ուղղությամբ իրականացված պետական ակտիվ միջամտությունը։

  • Մտահոգիչ է «Հարկաբյուջետային կայունություն» և «Պետական ծախսեր» ենթաինդեքսների նվազումը (դրանք 2022-ին ևս նվազել էին)։ Նվազումը, թերևս, հետևանք է այն բանի, որ պարտքային միջոցները, ըստ էության, չեն վերածվել հանրային ներդրումների (հանրային բարիքի ստեղծում, տնտեսական ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում և այլն), այլ պարզապես վերածվել են բյուջետային ընթացիկ ծախսերի:

  • ՏԱԻ-ով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում 2023թ.-ին առաջատարն է։

  • Հայաստանը հարևան չորս երկրներից շարունակում է զիջել միայն Վրաստանին։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://bit.ly/3ZJzRrQ ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել