2022 թվականի միջնամասից սկսած Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը բախվեց երկու խնդրի՝ համաշխարհային ռեցեսիային և դրամի արժևորմանը արտարժույթի նկատմամբ: Այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ » խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։
Մի շարք դիտարկումներից և քննարկումներից հետո, 2022 թվականի դեկտեմբերին Կառավարությունը որոշում կայացրեց աջակցել ՏՏ ոլորտին՝ պայմանական 10 միլիարդ դրամի չափով: Նրա խոսքով՝ Կառավարության որոշումը կարիք է զգում մի քանի բովանդակային փոփոխությունների։
«Նախ պետք է ՏՏ-ում այլ գործունեություն իրականացնող դասակարգչի տակ հանդես եկող տնտեսվարողները նույնպես հնարավորություն ունենան ստանալու աջակցություն:
Շատերը առանց կարևորություն տալու դասակարգչին (դասակարգչի ոչ ճիշտ նշումը որևէ կերպ չի ազդում վճարվող հարկերի վրա) նշել են հենց ՏՏ-ում այլ գործունեություն դասակարգիչը:
Շրջանառության հարկ վճարողներին, նույնպես, պետք է աջակցել և հետևաբար այս տնտեսվարողներին պետք է ընդգրկել կառավարության որոշման շրջանակներում։
Վերոգրյալները համատարած բնույթ ունեցող խնդիրներ են, իսկ մնացածը մեր կողմից ներկայացվել է կառավարությանը՝ գրավոր առաջարկությունների տեսքով»,-նշում է Սերգեյ Մուրադյանը::
Նա նաև նշում է, որ հարկային արտոնություններ բաշխելիս շատ կարևոր է դրանց թիրախայնությունը և որպեսզի դրանք բովանդակային ազդեցություն ունենան աջակցության կարիք ունեցող ոլորտի վրա:
«Կարիք եմ տեսնում նաև ինստիտուցիոնալ վերահսկողություն սահմանել կառավարության որոշումների և Վարչապետի հանձնարարությունների նկատմամբ՝ ապահովելով դրանց արագ և արդյունավետ կատարումը»,-ասաց կազմակերպության ղեկավարը: