ՊԵԿ-ը կանխել է 122 տոննա քաշով վառելիքի անօրինական ներմուծումը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնով Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է ոչ իր անվամբ:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

5 բեռնատար ավտոմեքենայով բերված՝ ընդհանուր շուրջ 122 հազար կգ քաշով ապրանքը հայտարարագրվել է որպես ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար։ Տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով՝ վերոնշյալ ապրանքները բացթողնվելուց հետո, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության  աշխատակիցների կողմից իրականացվել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում հիշյալ բեռնատարները կանգնեցվել են, և այդ տրանսպորտային միջոցներում  առկա նյութերից վերցվել են փորձանմուշներ և նյութերի իրական բաղադրակազմը պարզելու նպատակով նշանակվել է նյութագիտական փորձաքննություն։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ հայտարարագրված ապրանքները չեն հանդիսացել ավիավառելիք՝ ռեակտիվ շարժիչների համար, այլ հանդիսացել են գազօյլ, ինչը՝ որպես հավելյալ բաղադրանյութ, օգտագործվում է դիզելային վառելիքի բաղադրության մեջ: Տնտեսավարող սուբյեկտն, ապրանքներն իրական անվանումներով չհայտարարագրելով, խուսափել է պետական  բյուջե լրացուցիչ վճարման ենթակա մաքսային և վճարների վճարումից։ 

Փաստի առթիվ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: Դեպքին առնչվող  նյութերը տրամադրվել են  ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել