Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցն ընդգրկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում․ փաստաբան

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իմ և Սոս Հակոբյանի միջնորդությունը, «Հայաստան» խմբակցության միջոցով, ընդգրկվել է ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստի օրակարգում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դրան կհաջորդի ԱԺ հաջորդ քառօրյա նստաշրջանի օրակարգում ընդգրկումն ու լիագումար նիստում հարցի քննարկումն ու քվեարկությունը: Հիշեցնեմ, որ անհրաժեշտ կլինի շուրջ 65 «կողմ» քվեարկություն:

Մեր առաքելությունն այս հարցով համարում եմ հիմնականում ավարտված: Մնացածն արդեն իշխանության որոշելիքն է:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանը մեր միջնորդությունն ԱԺ-ում շրջանառության մեջ դնելու համար, ինչպես նաև «Պատիվ Ունեմ» խմբակցությանը այս հարցով մեզ միանալու համար»,-նշել է նա:

Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հունվարի 26-ին Iravaban.net-ի հետ զրույցում անդրադարձել էր հարցին։

«Այդպիսի խնդիր չկա, որ փորձեն կրակ վառեն, ձեռքերն էլ տաքացնեն։ Դա մի փոքրիկ խնդիր է, որի հետ կապված քննարկում եղել է և չեմ կարծում, որ դա կարող է բնորոշվել որպես «ներկայացուցչության իրականացում»։ Գուցե դատարանին ունեն հարցեր ուղղելու, դատարանի չեն ուղղում, ինձ են ուղղում»,-նշել էր Սաֆարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել