Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ գիշեր ձերբակալել են ընկերոջս՝ Գեւորգ Պետրոսյանին։
Ձերբակալել են անհեթեթ մեղադրանքով՝ պարեկների գործողությունը խոչընդոտելու եւ բռնություն գործադրելու համար»,-նշել է նա։
Զոհրաբյանի խոսքով՝ հոդվածը, որով փորձում են մեղադրանք ներկայացնել Պետրոսյանին՝ պաշտոնատար անձանց գործողությունները խոչընդոտելն ու բռնություն գործադրելն է, որը ենթադրում է 2-5 տարի ազատազրկում։
«Ինչը կատարյալ զավեշտ է։ Ես հիմա կտեղադրեմ տեսանյութը, որից ակնհայտ է, որ Գեւորգը որեւէ պարեկի հանդեպ բռնություն չի գործադրել։
ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հենց նոր ինձ տեղեկացրեց, որ քիչ անց իրենց պատգամավորներից կլինեն ձերբակալվածների պահպանման վայրում։
ՀՀԿ գործիչները եւս հստակ արձագանքել են «պարեկ» օպերացիային, բնականաբար, այն համարելով քաղաքական»,-գրել է նա։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ձերբակալության հետ կապված:
«Մարտի 11-ին՝ ժամը 21:00-ի, սահմաններում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները Աբովյան-Երևան ավտոճանապարհին նկատել են «Մերսեդես» մեքենա, որի վարորդը մեքենան վարել է անկանոն:
Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում «Մերսեդեսի» վարորդը չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին և շարունակել է մեքենան անկանոն վարել:
Պարեկները հետապնդել են նրան, ինչի ընթացքում ևս մի քանի անգամ հնչեցրել են «կանգ առ» օրինական պահանջ: Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենան հարկադրաբար կանգնեցվել է: Վարորդը հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի: Շարունակելով հետապնդումը՝ պարեկները նույն փողոցում կրկին հարկադրաբար կանգնեցրել են մեքենան:
Վարորդը հրաժարվել է ենթարկվել սթափության աստիճանի ստուգումից և սպառնացել է պարեկներին:
Վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: