Ձնծաղիկի (լատ.՝ Galanthus) որոշ տեսակներ ընդգրկված են Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում։ Հայտնի է ձնծաղիկի մոտ 20 տեսակ, ՀՀ-ում աճում է դրանցից 3-ը։ Դրանք են՝ ձնծաղիկ ալպիական (Galanthus alpinus), ձնծաղիկ Արտյուշենկոյի (Galanthus artjuschenkoae) և ձնծաղիկ լագոդեխիի (Galanthus lagodechianus Kuth):
Իջևանի ֆլորիստիկական շրջանում հանդիպող լագոդեխիի տեսակի ձնծաղիկի գոյությունը, ինչպես նաև ալպիականի գոյությունը ՀՀ-ում վտանգված է։
Խոցելի է համարվում Արտյուշենկոյի գոյությունը։
Iravaban.net-ը հայտնում է, որ Քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը որը՝ կատարվել է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված ծառատեսակի, թփի կամ այլ բուսածածկի նկատմամբ, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշված արարքը, որը՝
1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով: