Երևանի դպրոցներից մեկը կանվանակոչվի Սամվել Հովսեփյանի անվամբ

Երևանի ավագանին մարտի 15-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի «Երևանի հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն անվանակոչել դպրոցի շրջանավարտ, 2016 թվականի արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ՝ «Երևանի Սամվել Հովսեփյանի անվան հ.116 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Սամվել Հովսեփյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 2-ին Երևանում:

1965թ. հաճախել է Երևանի հ.90 միջնակարգ դպրոցը: 1967-1975թթ. սովորել և ավարտել է Երևանի հ.116 միջնակարգ դպրոցը:
1976-1978թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1980թ. «Հայտեքստիլ» գործարանում աշխատել է որպես բանվոր: 1982թ. աշխատել է «Հայագրեգատ» գործարանում որպես բանվոր, այնուհետև՝ պատրաստի արտադրանքի պահեստապետ: 1983-1985թթ. կենցաղսպասարկման բազայում աշխատել է որպես առաքիչ:

1987թ. հիմնել է Հայաստանում առաջին ընտանեկան կապալ ԵՐՊՐՈՄՏՈՐԳԻ հ.87 խանութը:

1989-1994թթ. մասնակցել է Արցախի համար մղված ազատագրական և ՀՀ սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական մարտերին՝ 1989թ.՝ Կոռնիձոր գյուղի պաշտպանությանը, 1990թ.՝ Էրեբունի թանգարանի մոտ խորհրդային զորքերի դեմ մարտին, Արծվաշենի մարտական դիրքերի, Երասխավան, Բարձրունի, Ոսկեպար և Բաղանիս գյուղերի պաշտպանությանը, Տիգրանաշեն (Քյարքի) գյուղի ազատագրմանը, 1991թ.՝ Գետաշենի և Մարտունաշենի պաշտպանությանը, 1992թ.՝ Ղարադաղլու և Իվանյան (Խոջալու), Ներքին Հոռաթաղ, Մաղավուզ, Խնապատ, Փրջամալ գյուղերի ու Մարտակերտ քաղաքի ազատագրմանը, Խոզնավար, Ղարաղշլակի, Ղոչազ լեռան ինքնապաշտպանական մարտերին, Ասկերանի, Փոքր Ջիլլի, Մեծ Ջիլլի, Խրամորթի, Նախչևանիկի, Պուշկիյալի, Գեղարքունիքի Արծվաշեն և Վահան գյուղերի պաշտպանությանը: Նույն թվականի մարտ ամսին Ոսկեպարում մարտական գործողությունների ժամանակ ծանր վիրավորվել է, ՀՀ կառավարության աջակցությամբ տեղափոխվել է Ֆրանսիա՝ վիրահատման:

1993թ. դեռ չապաքինված, վերադառնալով Հայաստան, մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը, նույն թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ թիվ 254 հրամանի համաձայն ստեղծված «Արծիվ 24» գումարտակի հրամանատար:

Մասնակցել է Քարվաճառ, Աղդամ, Կուբաթլու, Հորադիզ բնակավայրերի ազատագրմանը:

1993թ. ԵԿՄ առաջին, երկրորդ, երրորդ համագումարներում ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ և ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ:

1994թ. հրադադարից հետո մասնակցել է ԱՀ Շահումյանի շրջանի «Եղնիկներ» մարտական դիրքերի հերթապահությանը:

Եղել է «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ վարչության անդամ:

1995-1997թթ. ՀՀ ՊՆ հրամանով նշանակվել է ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման վարչության պետի տեղակալ, միաժամանակ մասնակցել է ՀՀ ՊՆ բարձրագույն ակադեմիական դասընթացին:

1997-1999թթ. նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքի գնդի հրամանատար, 1999-2001թթ.` ՀՀ ՊՆ Բալահովիտի գնդի հրամանատար, 2001-2002թթ.` ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

2002թ. զորացրվել է ՀՀ զինված ուժերից (2-րդ կարգի զինհաշմանդամ):

2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: Պատերազմը սկսելու օրից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո առողջական վճակը կտրուկ վատացել է:

Մահացել է 2016թ. նոյեմբերի 9-ին, հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում:

Սամվել Հովսեփյանը պարգևատրվել է ՀՀ «Արիության», ԱՀ «Արիության», ՀՀ «Մարտական ծառայության» մեդալներով: 05.03.2021թ. հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանով, «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Ամբասիր ծառայության առաջին և երկրորդ աստիճան», ԱՀ Հ/Կ «Արցախի մայրերի երախտագիտություն» մեդալներով:

«Երևանի հ.116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը դպրոցի շրջանավարտ, 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Ս. Միքայելյանի կողմից, հարցը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի, մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել