Երևանում Սոս Սարգսյանի և Հենրիկ Մալյանի անուններով փողոցներ կանվանակոչվեն

Երևանի ավագանին մարտի 15-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչել հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ` «Հենրիկ Մալյան փողոց», իսկ 47-րդ փողոցն անվանակոչել թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ` «Սոս Սարգսյան փողոց»:

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանը ծնվել է 1925 թվականին Թելավիում։

1942-1945 թվականներին աշխատել է Թբիլիսիի ավիագործարանում` որպես գծագրիչ, փականագործ։ 1945-1951 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում՝ Լևոն Քալանթարի արվեստանոցում:

1953 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան պետական թատերական արվեստի ինստիտուտի (ГИТИС) ռեժիսուրական ընդլայնված դասընթացները։ 1951-1954 թվականներին աշխատել է որպես ռեժիսոր Հայաստանի տարբեր թատրոններում (Արտաշատ, Կիրովական, Ղափան) և հեռուստատեսությունում։

1954 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, սկզբում` որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` ռեժիսոր: 1960 թվականին Հենրիկ Մարգարյանի հետ համատեղ նկարահանել է «Նվագախմբի տղաները» կինոնկարը: 1961-1962 թվականներին «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստաժավորում է անցել ռեժիսորներ Կալատոզովի և Բոնդարչուկի մոտ:

1963 թվականին Լևոն Իսահակյանի հետ համատեղ նկարահանել է «Ճանապարհ դեպի կրկես» կինոնկարը, իսկ 1964 թվականին` «Կեղծ լրտեսը» կարճամետրաժ ֆիլմը: 1967 թվականին ստեղծել է «Եռանկյունի» կինոնկարը, որի համար 1975 թվականին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, իսկ 1968 թվականին արժանացել է Անդրկովկասի և Ուկրաինայի հանրապետությունների «Մեծ Պրոմեթևս» գլխավոր մրցանակին, ինչպես նաև` Լենինգրադի համամիութենական կինոփառատոնի երկրորդ մրցանակին: 1969 թվականին նկարահանել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարը, որը 1976 թվականին Սան Ռեմոյի միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Տարվա լավագույն հեղինակային
ֆիլմ»: 1971 թվականից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում: 1972 թվականին նկարահանել է «Հայրիկ» կինոնկարը: 1975 թվականին նշանակվել է մանկավարժական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի վարիչ, ապա ստացել պրոֆեսորի կոչում: 1977 թվականին նկարահանել է «Նահապետ» կինոնկարը և ստացել է դոցենտի գիտական աստիճան: 1980 թվականին ստեղծել և գլխավորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան, ուր բեմադրել է «Հեքիաթներ», «Դեկամերոն», «Իմ անունն Արամ է», «Քաջ Նազար» ներկայացումները: 1981 թվականին նկարահանել է «Կտոր մը երկինք» կինոնկարը, որը Վիլնյուսի համամիութենական կինոփառատոնում արժանացել է լավագույն ռեժիսուրայի համար սահմանված մրցանակին:

Գրել է մի շարք սցենարներ վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի համար` «Նահապետը», «Մուսալեռցիները», «Տասնմեկը և մեկը», «Գիքորը» և այլն: Գրել է «Երկխոսություն երրորդի համար» գիրքը:

Ռեժիսորի նկարահանած ֆիլմերը ցուցադրվել են Հնդկաստանի, Անգլիայի, Ֆիլիպինների միջազգային կինոփառատոներում:
1980 թվականին Երևանում հիմնել է կինոդերասանի թատրոնը, որը 1988 թվականից անվանակոչվել է նրա անունով։
1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական, իսկ 1982 թվականին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումներին:

Հենրիկ Մալյանը մահացել է 1988 թվականի մարտի 14-ին Երևանում։

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ստեփանավան քաղաքում:

1948 թվականին տեղափոխվել է Երևան: 1949-1951 թվականներին աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում` որպես դերասան: 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան: Կերտել է բազմաթիվ թատերական կերպարներ մի շարք ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Մելքոն), Միլլերի «Սալեմի վհուկները» (Ջոն Պրոկտոր), Վ.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Տիբալտ), «Օթելլո» (Յագո), «Ջոն արքա» (Ջոն արքա), «Լիր արքա» (Լիր), Գ.Սունդուկյանի «Պեպո» (Զիմզիմով), Մ.Բուլգակովի «Դոն Կիխոտ» (Դոն Կիխոտ), Ժ.Հարությունյանի «Խաչմերուկ» (Ադամյան), Ն.Զարյանի «Հացավան» (Մացակ Ավագյան), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Թաղապետ), Գ.Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ» (Արտաշես), Վ.Սարոյանի «Խաղողի այգին» (Գրիգոր) և այլն:

Նկարահանվել է նաև մի շարք հայկական ֆիլմերում, որտեղ ստեղծել է ազգային տիպական կերպարներ` «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Եռանկյունի» (1967թ.), «Մենք ենք, մեր սարերը» (1969թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Քաոս» (1973թ.), «Նահապետ» (1977թ.), «Ձորի Միրոն» (1980թ.), «Գիքորը» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Ուրախ ավտոբուս» (2001թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Ես եմ» (2010թ.), «Մատենադարան» (1983-2002թթ, հեռուստաֆիլմ) և այլն:

Նկարահանվել է նաև այլ կինոստուդիաներում` «Սոլյարիս» (1973թ.), «Հետաքննության հանձնաժողովը» (1978թ.) և այլն: Հանդես է եկել ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլուր: 1989-1991 թվականներին եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1991թ. մասնակցել է նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահական ընտրություններին` որպես նախագահի թեկնածու: 1991 թվականին հիմնադրել է Երևանի Համազգային թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել: 1992 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, որտեղ 1998-2005 թվականներին եղել է ռեկտորը (2003թ-ից` պրոֆեսոր): 1991 թվականին գրել է «Վարագույրից այս կողմ», 2000 թվականին` «Ընդհատում», 2010 թվականին` «Մենք ու մերոնք…» գրքերը:

1996 թվականին Սոս Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2001 թվականին` Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշաններով, Արցախի «Մխիթար Գոշ» մեդալով: 2000 թվականին արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2012 թվականին` «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: 2008 թվականից եղել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամ: 1975, 1979 և 1988 թվականներին արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1972 թվականին` Հայաստանի, 1985 թվականին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին, Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Սոս Սարգսյանի անունով է կոչվել իր հիմնադրած Երևանի Համազգային թատրոնը, Ստեփանավանում կանգնեցվել է նրա հուշարձանը:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 17-րդ կետը, հաշվի առնելով նաև, որ այս տարի լրանում է հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը, առաջարկվում է Երևան քաղաքի Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչել հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ` «Հենրիկ Մալյան փողոց», իսկ Արաբկիրի 47-րդ փողոցը` թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ` «Սոս Սարգսյան փողոց»:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում սույն որոշման նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել