Երևանի ավագանին մարտի 15-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցն անվանակոչել կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անվամբ՝ «Արմեն Խոստիկյան փողոց»։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության անդամներ Զարուհի Աղաջանյանը, Արմեն Ղալեչյանը, Սիփան Ասատրյանը, Հեղինե Ոսկանյանը։
Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ.-ի մայիսի 22-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում:
Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Աֆինոգենովի «Մաշենկա» (Տումանսկի), Վ.Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականները» (Լաունս) և այլն: 1951թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր: Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սերգեյ բեկ), «Քաոս» (Ալեքսեյ Իվանովիչ), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Հարութ Անվերջ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ֆերդիշչենկո), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Ֆուշե), Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Աթիլլո), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Տելյատև), Կ.Կրապիվայի «Կոնդրատի կինը ուղեծիրում» (Տեսակով), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Սեմյոն Պերչատկին) և այլն:
1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս: Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին: Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում`«Ոսկե ցլիկ» (1955թ.), «Մոր սիրտը» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1966թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Մեր բակը» (1996թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Մեր բակը 2» (1998թ.) և այլն:
Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան: 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:
Մահացել է Երևանում2003թ.-ի հուլիսի 22-ին: