Հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր․ ՔԿԾ

Կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից պահվող թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման նպատակով 2023 թվականի մարտի 10-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման, հատուկ նշանակության բաժինների ծառայողները, իրացնելով նույն հիմնարկում ստացված օպերատիվ տվյալները, խուզարկություններ են իրականացրել հիմնարկի մասնաշենքերից մեկի խցերում, հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից։

Խուզարկությունների արդյունքում խցերից մեկում հայտնաբերվել է 3 փաթեթ՝ ամրացված պոլիմերային տարայի կափարիչի ներսի հատվածին: Փաթեթներից երկուսում առկա է եղել ընդհանուր 0.55 գրամ քաշով հերոին տեսակի թմրանյութին նմանվող զանգված, իսկ երրորդ փաթեթում՝ 0.66 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:

Բացի այդ՝ նույն խցից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 4 լիցքավորիչ՝ իրենց լարերով, wi-fi սարք, 2 ականջակալ, 4 բաժանորդային քարտ, 36 հատ ինքնաշեն խաղաքարտ, ինչպես նաև ապակյա լամպ՝ թմրանյութին նմանվող ծխեցված հետքերով:

Քրեակատարողական ծառայողները մյուս խցերից ևս հայտնաբերել են մեծ թվով արգելված իրեր՝ 2 բջջային հեռախոս, 5 ականջակալ, բջջային հեռախոսի 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 2 wi-fi սարք, 3 լիցքավորման լար, ինչպես նաև պոլիմերային տարա և ապակյա 2 լամպ՝ թմրանյութի օգտագործման հետքերով, հեղուկով լցված 3 ներարկիչ, 2 ասեղ, 2 դանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել