Երրորդ երկրներից ներմուծվող հավաքական բեռների մաքսային ձևակերպումների համար լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր․ ՊԵԿ

Մաքսային բարեփոխումների շրջանակում, կառավարության որոշմամբ, կատարվել է փոփոխություն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման գործառնություններում։ 

Միևնույն տրանսպորտային միջոցով տարբեր առաքողներից տարբեր ստացողների անունով փոխադրվող ապրանքները ՀՀ սահմանային մաքսային մարմնից ՀՀ ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար այժմ լրացվում է մեկ տարանցման հայտարարագիր։ Որոշման պահանջները ուժի մեջ մտնելուց հետո սահմանային մաքսակետերում էապես կրճատվել է ապրանքների մաքսային ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը, ինչի արդյունքում նվազել են նաև հերթերը։

Այսպես, Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում, հավաքական բեռների համար մեկ տարանցիկ հայտարարագիր ներկայացնելով, լրացման ժամկետի արդյունավետությունը բարձրացել է 2-ից 2.5 անգամ։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 1270 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1270 բեռնատար տրանսպորտային միջոց և 2170 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ որոշմանը նախորդող նույն ժամանակահատվածում ձևակերպվել է 1744 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 895 տրանսպորտային միջոց: 

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնում մեկ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքների ձևակերպումների վրա սահմանային մաքսային մարմնում ծախսվող ժամանակը կրճատվել է 40-ից 50 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, ձևակերպվել է 628 տարանցման հայտարարագիր, սպասարկվել՝ 592 բեռնատար տրանսպորտային միջոց և 2020 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող համադրելի ժամանակահատվածում լրացվել է 1083 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 472 տրանսպորտային միջոց: 

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ևս էապես կրճատվել է հավաքական բեռների համար «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպումների վրա ծախսվող ժամանակը՝                             50-ից 60 տոկոսով։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը ձևակերպվել է 1365 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել են 1279 տրանսպորտային միջոց և 1711 տնտեսվարող սուբյեկտ: Իսկ փոփոխությանը նախորդող նույն ժամանակահատվածում Մեղրիի մաքսային կետ-բաժնում լրացվել է 1287 տարանցման հայտարարագիր, որով սպասարկվել է 1054 բեռնատար տրանսպորտային միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել