Օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից։ Այս մասին նշվում է խորհրդարանական մեծամասնության համատեղ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Грузия-ն։
«Մենք պետք է առավելագույնս ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ: Ուստի մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան անհրաժեշտ է ծախսել ոչ թե առճակատման, այլև երկիրը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։
Այդուհանդերձ, իշխանությունները հետագայում մտադիր են հանդիպումներ սկսել բնակչության հետ և հանրությանը ներկայացնել օրինագծի էությունն ու կարևորությունը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ: Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ցույցի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։ Իրավապահներն իրենց հերթին կրակ են բացել ռետինե փամփուշտներով։
Վրաստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել բողոքի ցույցին և խոստացել վետո դնել օրենքի վրա։
Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է:
Համաձայն օրենքի նախագծի՝ հանրային սեկտորի բոլոր այն կազմակերպությունները, որոնք արտերկրից ֆինանսավորում կստանան, համարվելու են օտարերկրյա ազդեցության գործակալներ:
Մարտի 8-ին ցուցարարները պահանջել են խորհրդարանից հանել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը և ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ցուցարարներին։
Իշխող կուսակցությունը դիտարկել է օրենքի երկու տարբերակ՝ այսպես կոչված «վրացական» և «ամերիկյան»:
Արդյունքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր վրացական տարբերակը։
– Շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20%-ից ավելին ստացվի արտերկրից։
– Նման կազմակերպություններից պահանջվում է գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, իսկ մերժման դեպքում տուգանք է նախատեսվելու։
– Ամեն տարի նրանցից պահանջվելու է հաշվետվություն ներկայացնել իրենց ծախսերի մասին։
«Ամերիկյան» տարբերակը օտարերկրյա գործակալի կարգավիճակ է նախատեսում ոչ միայն օտարերկրյա ֆինանսավորմամբ շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց, այլ ընդհանրապես բոլորի, այդ թվում՝ ֆիզիկական անձանց համար: Պահանջները չկատարելը ԱՄՆ-ում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:
Օրենքը քննադատության է արժանացել նաև Եվրամիության կողմից։