Տեղի է ունեցել «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով․ մասնակցել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչները

«Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները։

Աննա Վարդապետյանն իր ելույթում նշել է.

«Հարգելի՛ տիկին Հակոբյան,

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ ներկաներ,

Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար:

Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ, հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը:

Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են:

Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին:

Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ: Ընտրություն՝ առաջանահերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ:

Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց:

«Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», – սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից:

Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:

Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»:

Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել