«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով ՀՀ-ի և Արցախի իշխանություններին և առաջարկելով քայլերի ծրագիր, ըստ որի, Սարգսյանի համոզմամբ, հնարավոր է Արցախում իրավիճակը փոխել:
«Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը և մարտի 5-ի արյունոտ դիվերսիոն ներթափանցումը հիմնավորում են, որ կատարվողը ո՛չ հումանիտար, ո՛չ էլ բնապահպանական աղետ չէ, այլ բացահայտ Էթնիկ զտման և ցեղասպանության փորձ է, որը համընկնում է Հաագայի դատարանի կողմից 2005-ին սահմանած, նման իրավիճակների գնահատման 14 չափորոշիչներին։
Ինչպես մեկ ամիս առաջ, կրկին առաջարկում եմ Արցախի և ՀՀ իշխանություններին իրավիճակը շտկելու նպատակով դիմել ՄԱԿ-ի Ցեղասպանության և էթնիկ զտումների հանձնաժողովին՝ իրավական փաստաթղթով հիմնավորելով 14 չափորոշիչների առկայությունը Արցախում։ Նման դիմումի պարագայում ՄԱԿ-ում պարտադիր ստեղծվում է հանձնախումբ, որը այցելում է տարածաշրջան: Նախ՝ Բաքու լսելու Ադրբեջանի հակափաստարկները, որից հետո Արցախ, որում մշտադիտարկում է իրականացվում ոչ պակաս, քան 2 ամիս ժամկետով։
Հանձնաժողովի դիտարկումները կարող են իրական հիմք դառնալ ՄԱԿ-ի մանդատով օժտված, բազմազգ խաղաղապահների տեղակայման, ոչ պակաս, քան 10-15 տարի ժամկետով, որն էլ արցախահայության ֆիզիկական անվտանգության ապահովման իրական և երկարաժամկետ երաշխիք կդառնա»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքական գործիչը: