Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ կոռուցիոն ռիսկերին՝ նշելով, որ իր մտահոգությունն է ցանկանում փոխանցել վարչապետին։
«Մենք գիտենք, որ կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, նույնիսկ կյանքի վրա և ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը, սա ամենավտանգավոր ախտն է։ Բազմաթիվ հաղորդումներ են տարածվում կոռուպցիոն երևույթների մասին։ Մենք հայտարարել ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, այո, բայց կոռուպցիան գրոհում է դեպի համակարգ, հատկապես տնտեսական կոռուպցիան քաղաքական համակարգին ցանկանում է ախտահարել։ Մենք վտանգավոր ռիսկեր ենք տեսնում, ես կարծում եմ, որ մենք նոր, ինքնաշխատ մեխանիզմներ պետք է դնենք այս համակարգը չվտանգելու համար, որովհետև տնտեսական այս աճը, որ մենք ունենք և դրա վրա մեծ հույսեր ունենք և դրա հետ ենք կապում երկրի զարգացման ընթացքը չպետք է ռիսկեր գեներացնենք այդ ուղղությամբ և այս հարցի վերաբերյալ խնդրում եմ ձեր մոտեցումը»,-ասաց պատգամավորը։
Վարչապետը նշեց, որ իրենց համար այս հարցը սկզբունքային է և իրենք այդ պայքարում որևէ կերպ իրենց ջանքերը չեն թուլացնելու։
«Ձեր նշած՝ ընդդիմության հրապարակած բոլոր փաստերով հետաքրքրվում է մեր իրավապահ համակարգը։ Պետք է վստահեցնեմ՝ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունը պատշաճ ընթացք չի ստանա։ Բացառված է, որ լինի ոչևէ կոռուպցիոն դեպք և այդ դեպքը պատշաճ մակարդակով քննության չառնվի։ Կոռուպցիան առաջին հերթին կապվում է պետական կառավարման, տեղական ինանակառավարման մարմինների, դատական և այլ համակարգերի հետ։ Այստեղ իմ դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ շատ հստակ՝ դատական համակարգում և հանրային կառավարման ոլորտում պետք է աշխատավարձերի էական բարձրացում տեղի ունենա։ Ես գիտեմ, թե որքան ոչ պոպուլյար թեմա է սա, բայց չի լինում, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք՝ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և ասենք՝ օրինակ՝ նախարարություններում պետք է լինի 90-100 հազար դրամով աշխատող մասնագետ։ Մյուս կողմից էլ ակնկալենք, որ գործերն արագ ընթանան, որակով ընթանան։ Այս առումով իհարկե մենք 2018 թվականին ընդունված հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարություն իրականացրել ենք, և մենք հիմա նոր ռազմավարություն մշակելու փուլում ենք գտնվում և այդ ռազմավարությունը կմշակենք։ Վերջերս Ջերմուկում հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստ ենք ունեցել, բոլոր հնարավոր թեմաները, պրոբլեմները քննարկել ենք և նաև անհրաժեշտ որոշումներ են կայացվել, որպեսզի հարցը շարունակաբար ոչ թե մեր ուշադրության կենտրոնում լինի, այլ ինստիտուցիոնալ այնպիսի համակարգ ստեղծվի, որն ինքն իրենով կաշխատի»,-ասաց վարչապետը։