Փետրվարի 23-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց եղելությունը։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։
Ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի մեջ, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և մեծամորցի 52-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում տղամարդը դանակահարել էր երիտասարդին։
Մեծամորի ոստիկանները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դանակ, որը, նախնական տեղեկություններով, հանցագործության գործիքն է։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: