Անզգուշության պատճառով 25-ամյա աղջիկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվում է նախկինում չդատված 25-ամյա Անի Լևոնյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` ամբաստանյալի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ըստ հիշյալ հոդվածի՝ գույքն անզգուշությամբ վնասելը կամ ոչնչացնելը, որը  կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Անի Լևոնյանը 2012թ. սեպտեմբերի 29-ին իրենց տանը ճակատային պատի տակից հավաքել է տարբեր տեսակի թղթեր, դրանք լցրել պատի տակ և որպես աղբ այրել է, որի հետևանքով անզգուշությամբ ոչնչացրել է իրենց հարևանությամբ բնակվող Համլետ Գևորգյանին պատկանող տան տանիքը: Արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառել է խոշոր չափերի` 740 հազար դրամի գույքային վնաս: Նախկինում չդատված, 25-ամյա Անի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել