Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում և կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) սահմանում է. «Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
«Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:
Այսպիսով, Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ: Դրանք են՝
- անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,
- արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,
- անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,
- չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,
- վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը,
- վնաս պատճառած լինելու դեպքում այլ կերպ հարթում է պատճառված վնասը:
Վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ գործուն զղջալու դեպքում կարևորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը և պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը:
Նկատենք, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:
Նման պայմաններում հարց է առաջանում. իսկ ինչու նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում:
Այս համատեքստում ուշագրավ է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով (օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի.
«1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:»:
Ինչպես տեսնում ենք, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս օրենսդիրը հանցագործության ծանրության աստիճանին չի անդրադարձել, ինչի արդյունքում ստացվում է, որ բացառիկ հանգամանքների առկայության պարագայում անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում դատարանը կարող է կիրառել այդ խրախուսական նորմը: Ի տարբերություն դրա, գործուն զղջալու հիմքի կիրառման դեպքում օրենսդիրը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար սահմանել է սահմանափակում՝ անթույլատրելի համարելով գործուն զղջալու քրեաիրավական նորմի կիրառումը:
Հաշվի առնելով այն, որ օրենսդիր մարմինը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար հանցանքի ծանրությամբ պայմանավորված սահմանափակում չի նախատեսում, առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում ևս չնախատեսել նման սահմանափակում:
Վերոգրյալով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով՝ և դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը»,-ներկայացվում է նախագծում։