Վստահ եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել. Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարեւոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ:

Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել