ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ և «Շինթրեյդ» ՍՊ ընկերության համապատասխան դիմումի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում` վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Այս մասին հայտնում են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։
Արդյունքում պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում տրված կարգադրագրի կետերից վերացվել են արձանագրված այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից ներկայացվել էին անհապաղ և ամբողջական շտկման ենթակա, իսկ կարգադրագրում նշված մյուս խախտումները վերացվել են մասամբ, և ներկայումս տնօրինության կողմից դրանց վերացման ուղղությամբ կատարվում են մեծածավալ և ինտենսիվ աշխատանքներ։
Տեսչական մարմինը, ուսումնասիրելով վերոնշյալ հանգամանքները և հաշվի առնելով, որ կատարված աշխատանքների արդյունքում ներկայումս բացակայում է հրդեհների առաջացման անմիջական և ուղղակի սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը ամբողջական կամ մասնակի դադարեցնելու հիմքը, որոշում է կայացրել թույլատրել «Շինթրեյդ» ՍՊԸ հետագա գործունեությունը։ ՏՄ կողմից նաև նոր կարգադրագիր է արձակվել, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ դեռևս չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ։