Երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմին:
Ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման մասին:
Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման հայտարարության հետ պետք է ներկայացվեն՝
ա) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը և հանգամանքները.
բ) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից:
Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ցուցումով: Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում: