Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշումները։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։ Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է Կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Ի հակադրություն, Դատարանը միաձայն քվեարկությամբ ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի կողմից հրատապ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը՝ հերքելով Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ականներ տեղադրելու կեղծ մեղադրանքները։
Այսպիսով, Դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և Դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է։
Կոչ ենք անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը»,-նշվում է հայտարարության մեջ։