ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը փետրվարի 22-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է, որ ներկայացվող նախագծով առաջարկվում է հիմնադրամի խորհրդին լիազորել՝ իր սահմանած պայմաններով եւ կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել հիմնադրամի շահառուներին անցումային շրջանի համար մինչեւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ամբողջական կիրարկումը։
Նրա խոսքով նախատեսվում է դրամական աջակցություն վճարել այն զինծառայողներին, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն, եղել են հիմնադրամի շահառու եւ վերափորձաքննության արդյունքում ճանաչվել են երրորդ խմբի կամ ֆուկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձիք: Նախարարի տեղակալը նշել է, որ այս իրավիճակում հայտվել է 114 շահառու, եւ կանխատեսվում է, որ նոր օրենքի գործարկումից հետո ընդհանուր 160 անձ կդառնա երրորդ կարգի հաշմանդամ եւ կզրկվի հիմնադրամի շահառու լինելու իրավունքից:
Նա տեղեկացրել է, որ 114 շահառուներին աջակցող գումարը կնվազի՝ սպայական կազմի հաշմանդամության զինվորական կենսաթոշակը միջինում կազմում է 38.377 դրամ եւ ստանում են նաեւ պարգեւավճար 36.000 դրամ, հիմադրամի աջակցության հետ միասին կստանան շուրջ 150.000 դրամ` նախկին 200.000 դրամի փոխարեն: Պայմանագրային ենթասպայական եւ շարքային կազմի կամավորագրվածները կստանան ընդհանուր 116.000 դրամ` 150.000 դրամի փոխարեն, պարտադիր ժամկետային զինծառայողները կստանան 91.000 դրամ` 100.000 դրամի փոխարեն:
Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս հնարավորությունը գործելու է 3 տարի ժամկետով եւ հավելել, որ եթե մինչեւ 2026 թվականը որեւէ զինծառայող կհայտնվի այս իրավիճակում, կշարունակի 3 տարի ստանալ այս աջակցությունը:
Պատգամավոր Աղվան Վարդանյանը հետաքրքրվել է, թե երբ վերջնականապես կկիրառվի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը: Ի պատասխան՝ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ֆունկցիոնալության համակարգը, ըստ օրենքի, գործարկվել է այս տարվա փետրվարի մեկից: Նա հավելել է, որ ներկայումս այս օրենքի տրամաբանությամբ ֆունկցիոնալության գնահատում անցնում են դեռեւս նոր դիմողները, իսկ ամբողջ բազայի վերափորձաքննությունը նոր սկզբունքներին համապատասխան տեղի կունենա ժամանակի ընթացքում: Ըստ նրա՝ գործընթացը կտեւի մոտ 3 տարի:
Աղվան Վարդանյանն իր ելույթում առաջարկել է գումարը չնվազացնել, քանի որ խոսքն ընդամենը 114 անձի մասին է: Ըստ նրա` դա մեծ գումար չի կազմի:
Պատասխանելով՝ փոխնախարարը հայտնել է, որ փոփոխությունը ֆինանսական եւ բարոյական անցման իրավիճակ է ապահովում, ու պետք է հաշվի առնել, որ այդ զինծառայողների առողջական վիճակն էլ է լավացել, եթե հաշմանդամության կարգը իջեցվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը նաեւ որոշում է կայացրել ԱԺ խորհրդին առաջարկել՝ հարցը քննարկել 24-ժամյա ռեժիմով: