Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին։ Այս մասին ասվում է Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցչի հայտարարությունում:
«2023թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ իր որոշումները:
Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների առնչությամբ Դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է։ Դատարանը նշեց, որ այս իրավիճակը առաջացրել է մի շարք հետևանքներ, և որ այդ ազդեցությունը պահպանվում է մինչ օրս: Դատարանի նշեց, որ իր տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայ ազգային կամ էթնիկական պատկանելիություն ունեցող անձանց Հայաստանի բժշկական հաստատություններ անհետաձգելի բժշկական օգնության համար տեղափոխմանը: Դատարանը նաև նշեց, որ ապացույցները ցույց են տալիս, որ խոչընդոտներ են առկա Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաների պակաս:
Դատարանը բավարար չհամարելով Ադրբեջանի հավաստիացումներն ու հանձնառություններն առ այն, որ Ադրբեջանը շարունակում է ապահովել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժը, բավարերեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին՝
-մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
-Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը ևծանուցելու է դատարանին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի քննության ողջժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման մասին»,-ասվում է հայտարարությունում։