Իրավունքը մեր կողմից է, մենք կարող ենք ցույց տալ՝ մեր պահանջներն արդարացի են. Վարդանյանը՝ ԱՄԴ-ի որոշման մասին

Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հաագայի դատարանի որոշմանը՝ որը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը՝ 2 ուղղություններով:

«Քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանը որոշում ընդունեց Հայաստանի կողմից ներկայացված՝ «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին։

Ադրբեջանը պարտավոր է կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքով բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան և ազատ տեղաշարժն ապահովելու համար։

Ինչպես հաճախ նշել եմ իմ հանրային ելույթներում՝ իրավունքը մեր կողմից է, և մենք կարող ենք տարբեր մեխանիզմների օգնությամբ ցույց տալ, որ մեր պահանջներն արդարացի են, և միջազգային իրավական գործիքակազմը կարևոր է այդ ճանապարհին։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչին, ամբողջ թիմին, այն բոլոր մարդկանց, որոնք հսկայական աշխատանք են կատարել արցախահայության արդարացի պահանջը փաստարկված տեղ հասցնելու ուղղությամբ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հայցով որոշել է, որ Ադրբեջանը պարտավոր է նախքան գործով վերջնական որոշման կայացումը, կոնվենցիայով իր ստանձնած պարտավորությունների համաձայն, ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել