«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը

Հանրության պահանջները մնում են նույնը

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը ս.թ. օգոստոս 31-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, աչքի առաջ ունենալով կառուցապատող օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, իր մտավախություն էր արտահայտել, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ: Մենք դիմել էինք ոստիկանությանը՝ պահանջելով ակցիայի մասնակիցների անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն: Ցավոք սրտի, ոստիկանությանը «չհաջողվեց» կանխել սադրանքները և այդ մտավախություններն արդարացան:

Օգոստոս 31-ին և սեպտեմբերի 1-ին, Երևանում մեկնարկած Եվրոպական ժառանգության միջոցառումների օրերին՝ «Ծածկած շուկայի» մոտ կազմակերպված ակցիաների ընթացքում, սադրիչները, ցուցաբերելով ակնհայտ ագրեսիվ կեցվածք, փորձեցին ահաբեկել խաղաղ ակցիայի մասնակիցներին` բազմիցս հարձակվելով նրանց վրա, պատռելով մշակութային ժառանգության թեմաների վերաբերյալ պաստառները և բռնություն գործադրելով ակցիայի մասնակից որոշ քաղաքացիների, այդ թվում` անչափահաս մի աղջկա նկատմամբ: Ըստ ոստիկանության տվյալների, բռնության գործադրման նշված փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Սակայն ոստիկանության քայլերը բավարար արդյունք չեն տալիս, ինչի մասին են վկայում ակցիայի առավել ակտիվ մասնակիցներից շատերի նկատմամբ սկիզբ առած հետապնդումներն ու սպառնալիքները:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին Սամվել Ալեքսանյանի հրահանգով նրան պատկանող կազմակերպությունների ավելի քան հազար աշխատողներ եկել էին «Ծածկած շուկայի» տարածք` մշակութային ժառանգության համար պայքարող քաղաքացիների նկատմամբ նախորդ օրերի սցենարով, սակայն շատ ավելի մեծ ծավալով, ճնշում և բռնություն գործադրելու նպատակով։ Իսկ «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով նրա վերաբերյալ պաստառ էր փակցրել, որի վրա գրված էր՝ «մասոն», իսկ լուսանկարի տակ՝ «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը», ինչն արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 3971 հոդվածով նախատեսված հանցագործություն է:

Լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին «Ծածկած շուկայի» համար պայքարողների նկատմամբ Ս. Ալեքսյանյանի կողմնակիցների միջոցով սադրանքներ հրահրելու հերթական փորձը և վերջիններիս ագրեսիվ տրամադրվածությունը։ Տարօրինակ կերպով ոստիկանության քանակական ներկայությունը բավարար չէր մոլորեցված և մանիպուլացվող այդ մարդկանց զսպելու համար, ուստի նախաձեռնող խումբն այդ օրը որոշեց հետաձգել ակցիայի անցկացման ժամկետը:

Մենք գիտակցում ենք, որ օգտվելով պատկան մարմինների կողմից «Ծածկած շուկայի» ապօրինի շինարարության կասեցման հարցը շուրջ երկու տարի ձգձգելու և ըստ էության անգործություն դրսևորելու հանգամանքից, կառուցապատող օլիգարխը փորձում է հասարակության տարբեր հատվածների միջև սեպ խրելով հանրության ուշադրությունը շեղել խնդրի լուծումից և հասնել իր գլխավոր նպատակին, այն է, հասարակությանը կանգնեցնել իբրև թե փաստի առաջ և հանրային համոզմունք ձևավորել, որ այլևս անհնար է վերականգնել «Ծածկած շուկա» հանրապետական նշանակության հուշարձանը:

Նախաձեռնող խումբը հատուկ ընդգծում է, որ Ս. Ալեքսանյանի` «Ծածկած շուկայի» մոտ հավաքված կողմնակիցները մեր քույրերն ու եղբայրներն են, ուստի մենք ոչ մի դեպքում չենք գնա նրանց հետ առճակատման` բացառությամբ իրավաչափ ինքնապաշտպանության դեպքից: Նրանց մեծ մասն ակնհայտորեն ծանր սոցիալական վիճակում է և այս կամ այն կերպ կախված է պատգամավոր Ս. Ալեքսանյանից, նրա կողմից ենթակա է բարոյական ճնշման և աշխատանքային իրավունքների ոտնահարման, անելանելի վիճակում գտնվելու պատճառով կարող է գայթակղվել սին խոստումներով կամ մանր կաշառքներով, ինչի հետևանքով նաև զրկվում է արժանապատվություն և երազանքներ ունենալու պարզ մարդկային հնարավորությունից:

Միևնույն ժամանակ` մենք շարունակելու ենք ակցիաներ իրականացնել թե «Ծածկած շուկայի» մոտ` հուշարձանի տարածքում շինարարության կասեցման նպատակով, թե ամբողջ քաղաքով մեկ` հուշարձանի կարևորության վերաբերյալ հանրությանը լայնորեն իրազեկելու նպատակով, թեպետ այս վերջինի մասով հստակ կերպով գիտակցում ենք, որ դրա համար կան մեր վճարած հարկերի հաշվին աշխատող համապատասխան նախարարություններ, որոնց ուղղակի պարտականությունների մեջ է մտնում այդ գործունեությունը:

Նախաձեռնող խումբը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կարծիքի հիման վրա հիշեցնում է պատկան մարմինների պատասխանատուներին, որ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված ինչպես ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո ապօրինի շինության կառուցումը չդադարեցնելու համար, այնպես էլ պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չձեռնարկելու համար:

Նախաձեռնող խումբը հայտարարում է, որ «Ծածկած շուկայի» հարցով հանրության պահանջները մնում են նույնը.

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը և վերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.
– ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,
– հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը և դրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից:

Մենք կրկին պահանջում ենք հուշարձանի համար պայքարող ակցիաների մասնակիցների բոլոր իրավունքների և օրինական շահերի, այդ թվում` անձնական անվտանգության և անձեռնմխելիության պաշտպանություն ոստիկանության կողմից:

Առաջիկա ակցիայի մասին կհայտարարվի առաջիկայում:

 

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբ

Սեպտեմբեր 3, 2013 թ., Երևան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել