Չեմ պատկերացրել, որ պարոն Մինասյանի ուշադրության կենտրոնում եմ գտնվում, սա բացահայտում էր ինձ համար․ Զարուհի Նախշքարյան

Այսօր՝ փետրվարի 22-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով գործով նիստը։

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսացել կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատավորի կողմից տրված համապատասխան հարցազրույցները, նաև Facebook սոցիալական կայքում «Zaruhi Danielyan» օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումները։ Դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ կողմից որոշման հրապարակման նախորդող օրը դատավոր Զարուհի Նախշքարյանը հրապարակային կարծիք է հայտնել դատարանում քննվող գործի վերաբերյալ, ինչպես նաև 2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշված որոշման եզրափակիչ մասի հրապարակումից հետո հրապարակայնորեն կասկածի տակ է առել տվյալ դատական ակտը և դատարանի գործողությունները։ Facebook սոցիալական կայքում կատարած հրապարակմամբ Նախշքարյանը նշել է․ «Կողմ քվեարկած անձինք, դուք եք այս որոշման հետ ապրելու ո՛չ Փիլոսյանը, ո՛չ հասարակությունը, դուք»։

Դաատավոր Նախշքարյանն անդրադարձավ իր կողմից օգտագործված բառերին և տերմիններին։

«Խնդրահարույց, նշանակում է վիճելի, նշանակում է ոչ միանշանակ․ ոչ միանշանակ է հենց քվեարկության արդյունքներով։ Պետք է նշել, որ բոլոր չորս դրվագներով դատավորի խոսքը դիտվել է, որպես կարգապահական խախտում ոչ թե ինքնին, այլ Արդարադատության նախարարության մատուցած ընկալումներով և մեկնաբանություններով։ Մինչդեռ դատավորը չէր կարող պատասխանատվություն կրել նախարարության ընկալումներիի և մեկնաբանությունների համար, մանավանդ այն պայմաններում, երբ ընկալումների և մեկնաբանությունների հեղինակ հաստատությունը չի կարող դիտվել, որպես անկողմնակալ դիտորդ, հենց ԲԴԽ սահմանված չափորոշիչներով։ Այն հանգամանքները, որոնք ներկայացված են միջնորդության մեջ, որ դատավոր Նախշքարյանը իր անհամաձայնությունն է հայտնել, այս չորս դրվագ արտահայտություններով, դատավոր Նախշքարյանը հայտարարել է անօրինական ԲԴԽ տվյալ ակտը, ես խնդրում եմ պարզապես կարդալ տեքստը, ԲԴԽ յուրաքանչյուր անդամին ես խնդրում եմ կարդալ տեքստը, ես այդպիսի բան չեմ ասել, եթե նախարարությունն ինչ-որ խնդիր ունի համատեքստում և խոսքի մեկնաբանման, ընկալման հարցում, դա ինձ չի հետաքրքրում և Խորհրդին էլ չպետք է հետաքրքրի։ Խորհրդին պետք է հետաքրքրի, թե ինչ եմ ես ասել բառացի, կարդացեք և տեսեք»,-ասաց Զարուհի Նախշքարյանը։

Նրա ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ հղում տալով դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներին, նշեց, որ դատավորը, ինչպես ցանկացած այլ քաղաքացի, ունի արտահայտվելու, համոզմունքների, միավորումների և հավաքների ազատության իրավունք։

«Իհարկե այս իրավունքներն իրացնելիս չպետք է վտանգվի դատական պաշտոնի հեղինակությունը, դատական իշխանության անաչառությունը և անկախությունը։ Մեկնաբանություններում հստակ նշվում է, որ դատավորները դատավոր նշանակվելիս չեն զիջում խոսքի ազատության կամ ազատ արտահայտվելու իրավունքը և օգտվում են այլ քաղաքացիների հետ համահավասար հիմունքներով։ Բոլոր այն հարցերը, որոնք ազդում են դատական համակարգի վրա, այստեղ դատավորը ոչ միայն ունի խոսքի ազատության իրավունք, այլ ունի հատուկ պաշտպանություն։

Մենք կարծում ենք, որ տիկին Նախշքարյանի խոսքն առնչվել է դատական իշխանության անկախությանը, ԲԴԽ-ն իր որոշման միջոցով իրացրել է կարգապահական քաղաքականություն և Աննա Փիլոսյանի գործով կայացված դատական ակտի առանձնահատկությունն այն էր, որ այստեղ ներդրվել են ստանդարտներ, որոնք կարող են քննադատելի լինել, ընդունելի լինել, այստեղ դա էական չէ, և այդ ներդրված չափորոշիչները, ստանդարտները, թեև անմիջական ազդեցություն են ունեցել տիկին Փիլոսյանի նկատմամբ, բայց դրանք անուղղակիորեն ազդում են յուրաքանչյուր դատավորի, այդ թվում տիկին Նախշքարյանի վրա։ Կախված նրանից, թե ինչպիսի ստանդարտներ կկիրառվեն կարգապահական քաղաքականության շրջանակներում դատական իշխանության և դատավորի անկախությունը կարող է վտանգվել։ Դրա համար մենք այս ակտը չենք դիտարկում պարզունակ իրավակիրառական ակտ այն քաղաքականություն մշակող ստանդարտներ սահմանող, չափորոշիչներ սահմանող ակտ է, որն անուղղակի ազդեցություն է թողել տիկին Նախշքարյանի վրա և այս պարագայում, բացի այն, որ ինքը կարող էր որոշակի վերաբերմունք արտահայտել իր կոլեգայի առնչությամբ, ինչը մենք բոլորս այստեղ ընդունեցինք, որ դատապարտելի չէ, անգամ դատապարտելի չէ իրավախախտում կատարած դատավորին հարգանքներ փոխանցելը։ Տիկին Նախշքարյանն անդրադարձել է այն համաչափությանը, որը կարծում եմ կարևոր է կարգապահական քաղաքականության տեսանկյունից»,-ասաց Նախշքարյանի ներկայացուցիչը։

Դատավոր Զարուհի Նախշքարյանը՝ կրկին հղում տալով դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներին, ասաց, որ կան սահմանափակ հանգամանքներ, երբ դատավորը կարող է պատշաճ կերպով բարձրաձայնել քաղաքականապես վիճահարույց հարցեր, մասնավորապես՝ երբ հարցն ուղղակիորեն ազդում է դատարանների գործունեության, դատական իշխանության անկախության, արդարադատության իրականացման կամ դատավորի անձնական անձեռնմխելիության  հիմնարար գործոններին։

Նախշքարյանը մեջբերեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որոնցից բխեցվել է, որ դատավորները չեն կարող զրկվել խոսքի ազատությունից, որը կապված կլինի դատական իշխանության ընդհանուր գործունեության հետ։

«Կոչ ենք անում բոլոր դատական և գործադիր իշխանության ներկայացուցիչներին՝ զերծ նմալ լրատվամիջոցների՝ որպես գործիք օգտագործման միջոցով դատավորների նկատմամբ ազդեցություն թողնելու գործընթացներից, քանի որ դա ստեղծում է մթնոլորտ, բառացի մեջբերում եմ՝ պատժման գործընթացի չենթարկվող դատավորների և վախի մթնոլորտի ձևավորում դատական իշխանությունում։ Եթե մենք դրան ենք գնում՝ շատ լավ»,-ասաց Նախշքարյանը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատավոր Նախշքարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ֆեյսբուքյան գրառման հասանելիությունը սահմանափակելը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ դատավորն ի վերջո գիտակցել է այն հանգամանքը, որ չպետք է այնպիսի արտահայտություններ աներ, որն արվել էր։

Զարուհի Նախշքարյանը՝ դիմելով ԲԴԽ-ին ասաց, որ եթե անհրաժեշտություն կա՝ կարող են փորձարարություն իրականացնել և մուտք գործել իր ֆեյսբուքյան էջ և տեսնել, որ իր գրառման հասանելիությունը որևէ կերպ սահմանափակված չէ, այն հասանելի է ֆեյսբուքյան ընկերների և ընկերների ընկերների համար։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը Զարուհի Նախշքարյանից ճշտեց, թե ինչու է դատավորը որոշել իր համար այդքան պարզ ճշմարտության մասին հրպարակային կարծիք հայտնել։

«Խնդիրը նրանում է, որ ինձ համար այդ պարզ ճշմարտությունը, միշտ չէ, որ բոլորի համար է պարզ, սրա վառ օրինակն է ձեր միջնորդությունը։ Օրինակ՝ արդարադատության նախարարը պարզ ճշմարտությունը չի ընկալել որպես այդպիսին։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջանում պարզ ճշմարտությունը ևս բարձրաձայնել։ Հատկապես, եթե այն վերաբերվում է դատական իշխանության համար կարևորագույն քննարկելի հարցերի»,-պատասխանեց Նախշքարյանը։

Դատավորի պատասխանին արձագանքելով՝ ԱՆ ներկայացուցիչը հարցրեց, թե այնուամենայնիվ ո՞ւմ է ուղղված եղել դատավորի ֆեյսբուքյան գրառումը․

-Նախարարությանը՞։

-Դուք գտնում եք, որ ես նախարարության հետ շփվում եմ ֆեյսբուքի միջոցով,-պատասխանեց դատավորը։

-Բա ո՞ւմ է ուղղված եղել։

-Ես խնդրում եմ ընկալել այն արտահայտությունը, որը առկա է, հենց այն խոսքերով, որով շարադրված է։ Նախարարության մասին որևէ հիշատակում կա՞։ Ես առհասարակ չեմ պատկերացրել, որ պարոն Մինասյանի ուշադրության կենտրոնում եմ գտնվում այդ աստիճանի, սա բացահայտում էր ինձ համար։

-Չգիտեմ ինչից այդ եզրակացությանը եկաք, որ արդարադատության նախարարը այդքան բազմազբաղ լինելով հանդերձ կարող է ուշադրության կենտրոնում պահել մեկ դատավորի, բայց և այնպես, իմ հարցին այդպես էլ պատասխան չստացա։

-Դա ձեր ընկալումն է։

-Քանի որ դուք ԲԴԽ դատական ակտը որակել եք անակնկալ, հարց՝ չակնկալած դատական ակտի մասին հրապարակային կարծիք արտահայտելով, դատավորի կարգավիճակում լինելով, արդյո՞ք կասկածի տակ չեք դրել չակնկալված դատական ակտը։ Ձեր համար չակնկալված դատական ակտը։

-Պարոն Սանոյան, ինձ համար անակնկալ էր, որ դուք ներկայացել եք այս միջնորդության պաշտպանության դիրքերից։ Արդյո՞ք դա որևէ կերպ անդրադառնում է ձեր հեղինակության վրա։

-Ես խնդրում եմ, իմ հարցին կպատասխանե՞ք։

-Ես օրինակ բերեցի, կարող եմ այլ օրինակներ բերել։ Բազմաթիվ որոշումներ այս պահին․․․

-Դուք կարող եք ինձ քննադատել, բայց դատարանին դու չեք կարող կասկածի տակ առնել։

-Բայց ես կասկածի տակ չեմ էլ առել, ցավը դրանում է էլի։

-Դե ես այդ մասին էի հարցնում։ Փաստորեն չակնկալված դատական ակտի մասին հրապարակային կարծքի արտահայտելով կասկածի տակ չեք առել։

-Ես ընդհանրապես չեմ դադարում զարմանալ այս կյանքում,-ասաց դատավոր Զարուհի Նախշքարյանը։

Նիստը ընդմիջվեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել