Գործող կարգավորումներով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումների նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է: Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրենքում առաջարկվող կարգավորումները, տեղեկացրել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչեւ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանն անդրադարձել է «ինքնիշխանություն» հասկացության էությանն ու իրավական ձեւակերպումներին` նշելով, որ պետության ինքնիշխանությունը նրա քաղաքական իրավական հատկությունն է, որն արտահայտվում է երկրի ներսում պետական իշխանության գերակայությամբ եւ արտաքին հարաբերություններում անկախությամբ: Պետության ներքին ինքնիշխանությունն արտահայտվում է պետության գերակայությամբ եւ լիիշխանությամբ քաղաքական համակարգի այլ կազմակերպությունների նկատմամբ:
Պատգամավոր Լիլիթ Մինասյանը կարծիք է հայտնել, որ ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, եւ այս նախագծի նպատակն օրենսդրական դաշտը բարելավելն է: Պատգամավոր Վիգեն Խաչատրյանն էլ նշել է, որ նման օրենքներով անհրաժեշտ է բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, քանի որ կան պետություններ, որոնց ձեռնտու չէ հայկական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ մեր երկրում կան գործակալական կառույցներ: Նրա գնահատմամբ այս օրենքից բացի անվտանգության ծառայությունները եւս պետք է աշխատեն այս ուղղությամբ:
Ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Արծվիկ Մինասյանը կարծիք են հայտնել, որ «ինքնիշխանություն» հասկացությունը պետք է առավել հստակ սահմանվի: Արծվիկ Մինասյանի համոզմամբ ինքնիշխանության քրեաիրավական պատասխանատվության հարցն այնքան հստակ ու իրավական որոշակիության պահանջներին բավարարող պետք է լինի, որ որեւէ մեկը՝ կլինի իշխանություն, ընդդիմություն, թե դրսից հրահրված անձ, չփորձի ՀՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն իրականացնել: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենք ձեռնպահ են քվեարկելու, քանի որ առաջարկվող ձեւակերպումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի:
Փոխնախարար Լեւոն Բալյանն օրինագծի բարելավմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Քվեարկության արդյունքում օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: