Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին մեղադրանք է առաջադրվել․ փաստաբան

Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդգար Արշակյանի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը։

«Էդգար Արշակյանի անունը գլխավոր դատախազի միջնորդության մեջ շահարկվել է։ Եկեք մեկընդմիշտ մոռանանք «զորամասի տարածք» հասկացողությունը, դա անշարժ գույք է, որը 90-ական թվականների կեսերից երբևիցե որպես զորամաս չի ծառայել։ ՀՀ-ում ՊՆ-ին հատկացված բոլոր զորամասերը, բոլոր տարածքները, բոլոր ենթակառուցվածքները հատուկ նշանակության հողամասի տակ են ընդգրկված եղել, դրանից հետո դրանք իրավական հիմք ստացել են 2005 թվականին և դրանից հետո դրանք որպես զորամաս երբևիցե առկա չեն եղել։ Դրանք անօտարելի տարածքներ են, թե ոչ, դրա պատասխանատուն Էդգար Արշակյանը չէ, որովհետև տվյալ տարածքների օտարելիության պայմաններ օրենքը նախատեսում է։ Առկա են մի շարք հիմնավորումներ, թե որ պայմաններով տվյալ տարածքները կարող են օտարվել։ Այդ տարածքներն օտարելի են, սակայն իրավական որոշակի հիմքերի առկայության պայմաններում»,-ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ 18 միլիոն դրամ գրավ վերցնելը ևս իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։

«Տվյալ գույքի համար երբևիցե 18 միլիոն դրամ գումար չի վերցվել։ 2016 թվականի օգոստոսի 12-ին Գրիգորի Խաչատուրովը ձեռք է բերել բնակարան Վանաձոր քաղաքում, այդ բնակարանը ձեռք բերելու համար կնքվել է առքուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր, որի պայմաններում միայն այդ բնակարանը գրավադրելու համար Գրիգորի Խաչատուրովին տրամադրվել է 18․484․000 դրամի վարկային գիծ, դրանից որոշակի ժամանակահատված հետո բանկը Խաչատուրովին խնդրել է ներկայացնել լրացուցիչ գրավ, Գրիգորի Խաչատուրովը խնդրել է իր ընկերոջը (Գրիգորի Խաչատուրովը Էդգար Արշակյանի երեխաների կնքահայրն է) լրացուցիչ գրավով օգնել և քանի որ այդ տարածն այդ պահին Էդգար Արշակյանն օգտագործելիս չի եղել, գրավադրվել է բանկում, սակայն վարկային գիծը գումարային առումով, ոչ մի դրամով չի ավելացել։ Այսինքն՝ կոնկրետ այդ տարածքի համար ոչ մի դրամ վարկ չի ստացվել։ Այդ տարածքը 2009 թվականին ինչպես ձեռք է բերվել Էդգար Արշակյանի կողմից, այդպես էլ պահպանվում է։ Հիմա Էդգար Արշակյանին մեղսագրվում է մի արարք, որը որ օբյեկտիվ իրականությունում գոյություն չունի։ Որևէ փաստական հիմք չկա այն մասին, թե իբր այդ տարածքն իրականում ձեռք է բերել Գրիգորի Խաչատուրովը, իսկ Էդգար Արշակյանը հանդիսացել է քողարկված անձ»,-նշեց Միհրան Պողոսյանը։

Փաստաբանն ասաց, որ Էդգար Արշակյանն արդեն մեկ տարի է պնդում է, որ այդ տարածքն իր սեփականն է։

«Ուղղակի և անուղակի ոչ մի ապացույց չկա, որ դա Էդգար Արշակյանի տարածքը չէ։ Այսսօր Էդգար Արշակյանին կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել