«Դատական համակարգը կույր կամ խուլ չէ»․ ԲԴԽ-ում քննվում է դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 210-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների խախտումներ, այն է՝ աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումն իրականացվել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի 8 ամիս անց, գործով եզրափակիչ դատական ակտը հրապարակել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց, եզրափակիչ դատական ակտի օրինակը հայցվորին և պատասխանողին տրամադրել է օրենքով սահմանված ժամկետից ավելի քան 1 տարի անց, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց դատավորից՝ համաձայն է այն փաստի հետ, որ կա խախտում, ինչին դատավորը պատասխանեց․ «Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ աշխատանքային վեճը պետք է քննվի 3 ամսում։ Փաստ է, որ այն քննվել է 11 ամսում։ Նույն ՔԴՕ-ն սահմանում է, որ պետք է դատական ակտը նույն օրը հրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքում և եթե նույն օրը չի հրապարակվում, ապա հաջորդ օրը տրամադրվի դատավարության մասնակիցներին։ Փաստ է, որ տեղադրվել է կայքում 1 տարի ու մի քանի օր անց, փաստ է, որ դատավարության մասնակիցները ստացել են 1 տարի ու մի քանի օր անց»։

Անդրեասյանը նշեց, որ նիստին Ստեփանյանի ներկայությունը պետք է «բավարարում դառնա այն քաղաքացիների համար, որոնք տուժել են այդ ուշացման պատճառով»․ «Ուզում եմ հատուկ շեշտվի, որ դատավորը ցավով է ընդունում իր ուշացումը։ Ինչպես մենք ենք ընդունում՝ համակարգային խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Սա նաև բարոյական բավարարում է մեր քաղաքացիներին, որ դատական համակարգը կույր  կամ խուլ չէ իրենց դժգոհությանը, բողոքին»։

Դատավորը նշեց՝ քաղաքացիները ճիշտ են անում, որ դժգոհում են։

ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել