ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամետը սահմանել հունվարի 2023թ հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության 06.05.2021թ. N 711-Ն որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
Կառավարությունը որոշում կընդունի․
1. Հայտարարել 2023 թվականի ապրիլի 10-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը (այսուհետ՝ 2023 թվականի ամառային զորակոչ), որոնց 18 տարին լրանում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2023 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:
4. 2023 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2023 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
5. 2023 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ համաձայն N 1 հավելվածի, և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համաձայն N 2 հավելվածի:
6. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 3 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ապահովել 2023 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, ինչպես նաև զինված ուժերի համալրման աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսի (COVID-19) տարածման և զինված ուժեր ներթափանցման դեպքերի կանխարգելման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը։
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման համակարգի այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և նրա տարածքային ստորաբաժանումներ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների վերաբերյալ տվյալներ ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչի ենթակա քաղաքացիների ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն և դրա տարածքային ստորաբաժանումներ:
9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հետազոտությունների և պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարել իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով:
10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող, հյուպատոսական հաշվառման կանգնած, հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին ներկայանալու համար Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից ծանուցված և Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին:
11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝
1) ապահովել`
ա. հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և հանրապետական հավաքակայանի տարածքներում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկների խմբերը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի և մարզերի տարածքային ստորաբաժանումներից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչև Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար կցել ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:
12. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
13. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչի ենթակա քաղաքացիների կողմից զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) մինչև 2023 թվականի մայիսի 17-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները և քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները.
2) մինչև 2023 թվականի հուլիսի 20-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: