Ի՞նչ ժամկետում պետք է կատարվի անձի անվան փոփոխումը

Անվան (անուն, հայրանուն և ազգանուն) փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:

Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրանց պահպանման վայրի ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ինչպես նաև ոստիկանության մարմինների եզրակացությունը: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:

ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար:

Եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ապա անվան փոխման պետական գրանցումն իրականացվում է միայն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:

Եթե անվան փոխման մասին դիմումի հետ ներկայացված փաստաթղթերում և ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում առկա է տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար օրենքով սահմանված կարգով:

Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման, ուղղման, լրացման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում վերը նշված 15-օրյա ժամկետը չի հաշվարկվում մինչև քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնում, ուղղում, լրացում կամ փոփոխում կատարելը:

ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմողի բնակության վայրի ոստիկանության մարմնին և զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին անվան փոխման մասին տեղյակ պահել այդ փոփոխության պետական գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել