Տուգանք է սահմանվել ՀՀ տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների մշակման կամ հավաքման համար

Հունվարի 17-ին ԱԺ-ն որոշում է ընդունել, որով լրացում է կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Նախատեսվում է տուգանք սահմանել առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների իրականացման համար։

Օրենքը ուժի մեջ է մտնում փետրվարի 19-ին։

Այսպիսով, օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:

1-ին մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, իսկ օտարերկրյա իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից առանց Կադաստրի կոմիտեի թույլտվության «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքման աշխատանքների, ներառյալ՝ օդալուսանկարահանման իրականացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:

3-րդ մասում նշված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով, ինչպես նաև իրավախախտման առարկա հանդիսացող տվյալների և նյութերի բռնագրավում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել