Փետրվարի 16-ին հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմն ավարտեց Թուրքիայի Հանրապետության Ադիյաման քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից։
Փետրվարի 17-ին հայ փրկարարները վերադարձան Հայաստան: Նրանց հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայի կամրջի մոտ, դիմավորեցին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի համար:
Աղետի գոտում շուրջ 8 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց 3 տուժածի և 10 զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական աշխատանքներ՝ այդ թվում նաև կինոլոգիական խմբերով: