Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի սովորող աշակերտի ծնողը

Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Սովորողի ծնողը պարտավոր է`

1) երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ կրթություն ստանալու համար.

2) մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.

3) հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.

4) դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների և հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության և շրջակա միջավայրի նկատմամբ, հանդուրժողական վերաբերմունք այլ ժողովուրդների և մշակույթների նկատմամբ.

5) դաստիարակել հարգանք ուսումնական հաստատության և մանկավարժական աշխատողների նկատմամբ.

6) ուսումնական տարվա ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.

7) հատուցել իր, ինչպես նաև իր երեխայի կողմից ուսումնական հաստատությանը հասցված վնասը.

8) սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել