Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Ավելի վաղ մեկ այլ նախագիծ էր հրապարակվել, որով սահմանվել էին հստակ պահանջներ, մասնավորապես՝
- Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված:
- Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:
- Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:
- Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:
- Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի»:
Այս նախագծով նշվում է, որ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ վարչական դատարանի փոխարեն: