Այն, ինչ գրում է հայկական մամուլը թուրքական օրակարգի սպասարկում է․ Բաբայանը եկավ, Բաբայանը գնաց, ինչպես եկավ և գնաց, ում հետ հանդիպեց, ինչ նպատակով, ինչ է պլանավորում և այլն։
Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։
«Այս հարցերի վերաբերյալ մի քանի անգամ մեկնաբանություն եմ տվել, որովհետև ինձ թվացել է, թե մենք մամուլ և քաղաքական վերլուծաբաններ ունենք, ովքեր ի վիճակի են հասկանալու և մեկնաբանելու քաղաքական հայտարարությունները։ Բայց քանի որ դրանց վերլուծական մտքի թռիչքը չափվում է ֆինանսական հատկացումներով, ստիպված եմ ևս մեկ անգամ վերահաստատելու իմ դիրքորոշումը:
ԱՀ սահամանդրական կարգավորումները Արցախի սուբյեկտայնության հիմքում դրված ականներ են, որոնք այս ճգնաժամի պայմաններում շղթայական ռեակցիայով փոշիացնելու են Արցախի վերջին փշրանքները։ Ուստի, կրկնում եմ՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն։ Սա է հուշում պետական մտածողությունը։ Մնացածը մարդու իրավունքների, իշխանություն զավթելու և այլ պատճառաբանություններով նեղ անձնական շահեր են։
Սթափ գնահատելով Արցախի անվտանգության ներկա և ապագա մարտահրավերները՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չեմ հավակնում ԱՀ նախագահի պաշտոնին՝ անկախ Սահմանադրության փոփոխությունից, կառավարման մոդելից, նախագահի ընտրության կարգից և այլն։ Եվ թույլ չեմ տա, որ իմ անձը շահարկեն ներքաղաքական գզվռտոցներում։
Մրցակիցներ չունեմ, այդ թվում՝ քաղաքական դաշտում։ Հետևապես՝ ինձ ամեն մեկին մրցակից դարձնելուց առաջ մտածեք՝ ես և նա մրցելու ի՞նչ ունենք։ Ես ինքնուրույն գործիչ եմ, ով իր ողջ գիտակցական կյանքը շարունակելու է մեկ նպատակ և շահ ունենալ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՑԱԽ։ Այն ինչ ասում եմ, ապացուցել եմ դեռևս 1999-ին․ գիտակցաբար հետքայլ եմ արել՝ պետականությունը վեր դասելով քաղաքական շոուից։ Նույն եմ անում նաև այսօր։
Հարգելիˊ հայրենակիցներ, սիրելի՜ արցախցիներ,
Միˊ տրվեք իմ և ձեր ճանաչած կենդանական աշխարհի քաղաքական ինտրիգներին։
Միˊ կրկնեք անցյալի սխալները։
Սամվել Բաբայան
15 փետրվարի, 2023թ.»,-նշել է նա