Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատեց Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կատարած հայտարարության ժամանակ:
«Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու, և մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը: Այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերվող որոշակի դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասաց Միրզոյանը: