Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական հանցագործությունը՝ կանխամտածված կեղծ գովազդով սպառողներին մոլորեցնելու դեպք։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են՝ ստորաբաժանման ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ պողպատե արտադրանքի թողարկմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերին, որպես արտադրող կազմակերպության անվանում, մակնշել է մեկ այլ ընկերության անվանում։ «Այս կերպ սպառողին գցել է մոլորության մեջ։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապօրինության հետևանքով, նախնական տվյալներով, մակնշված կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 13 մլն դրամից ավելի վնաս։
Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված կանխամտածված կեղծ գովազդ կատարելու առերևույթ հանցանքի վերաբերյալ Քրեական ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: