Այսօր` 13.02.2023թ. ՀՀ փաստաբանների պալատում փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ կայացավ ակումբի նիստ՝ ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։
«Ակումբի նիստը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը: Սիմոն Բաբայանը հիշեցրեց, որ 2023 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում բռնություն են կիրառել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին:
Ակումբի նիստում ներկա փաստաբանները լսել են Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի ներկայացուցիչ փաստաբան Հրանտ Անանայանին և կարծիքներ են փոխանակել:
Ներկաներն արձանագրել են, որ թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել:
Ակումբի նիստում պարզ է դարձել նաև, որ այդ միջադեպին ներգրավված ոստիկաններից փաստաբան Մարզպետ Ավագյանին սկզբից հարվածներն են հասցրել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի օպերլիազոր Մարտուն Եղիազարյանը և նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը:
Ներկա փաստաբանները նշել են նաև, որ վերջին շրջանում շատ են ստանում ահազանգեր ոստիկանության բաժիններում քաղաքացիների ծեծի և խոշտանգումների մասին:
Առաջարկներ են հնչել բողոքի խիստ ակցիաներ իրականացնել, ընդհուպ գործադուլներ:
Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշեցին՝
- Խստորեն դատապարտել Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Էրեբունի բաժնի ոստիկանների կողմից 09.02.2023թ. փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքը.
- Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության.
- Ներքին գործերի նախարարության կողմից մինչև 2023թ. փետրվարի 21-ը ոստիկանների պատասխանատվության ենթարկելու հարցով լուծում չտալու դեպքում, հրավիրել ակումբի նիստ բողոքի ակցիաների կազմակերպչական հարցերը քննարկելու համար.
- Միջոցներ ձեռնարկել վերջին ժամանակահատվածում ոստիկանական բաժիններում քաղաքացիներին ծեծի ենթարկելու դեպքերը բացահայտելու և դրանց հակազդելու ուղղությամբ.
- Փաստաբաններին բռնության ենթարկելու դեպքի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին»,-նշվում է հաղորդագրության մեջ: