Փետրվարի 13-ին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ։
«2023 թվականի փետրվարի 13-ին, դռնփակ նիստում, քննարկելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Որոշում է
1. Հանրապետության նախագահին առաջարկել Շուշանիկ Դերենիկի Նիկողոսյանի թեկնածությունը` Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Շուշանիկ Դերենիկի Նիկողոսյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ: